Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում՝ մարտի 30-ին այս թեման էր քննարկվում «Կոնգրես» հյուրանոցում՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ հրավիրված կոնֆերանսում: Օգտվելով առիթից՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հարցրի.
-Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպե՞ն:
-Մինչև ասօր ոչ մի տեղեկություն չկա հանդիպման մասին, նույնիսկ եթե հանդիպեն, մենք չպետք է մեծ սպասելիքներ ունենանք՝ որակական փոփոխություններ, Ղարաբաղի հարցի լուծումը կամ մեծ տեղաշարժ բանակցություններում:
-Հնարավո՞ր է, որ Վաշինգտոնում լուծվի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող տեխնիկական սարքեր տեղակայելու հարցը:
-Կասկած չունեմ, որ ոչ, քանի դեռ Ադրբեջանի քաղաքականությունը սադրիչ է: Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում նորից կրակում են այսօր: Ինչո՞ւ: Որովհետև Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով սամմիթն է, Բաքուն վիճակը սրում է, որ սամմիթում ինչ-որ հարցեր բարձրացնի, մեղադրի Հայաստանին՝ Բաքվի սովորական քաղաքականությունն է, որ ժամանակի մեջ չի փոխվում: Ի սկզբանե երևում է, որ իրենք պատրաստ չենք լուրջ երկխոսության, բանակցությունների վերսկսման: Ադրբեջանի քաղաքականությունը անցած տարիներին և հիմա եղել է սադրիչ և նախապայմանային: Ադրբեջանը նախապայմաններ է դնում, հետո ասում է՝ եկեք քննարկենք, տարածքներ պիտի ազատեք, փախստականներ պիտի վերադառնան… Նախապայմանային այս քաղաքականության դեպքում պետք չէ սպասել լուրջ փոփոխություններ: Եթե հանդիպում լինի, այնուամենայնիվ, դրական է՝ ավելի լավ է հանդիպել, բայց ոչ պատերազմել:
-Ի՞նչ կարող ենք ստանալ Գերմանիայից ԵԱՀԿ նախագահության ընթացքում Ղարաբաղի հարցում:
-Գերմանիայի դերը կարող է դրական լինել: Աշխարհում Գերմանիան մեծ ազդեցություն ունեցող երկիր է, ակնհայտ է, որ կարող է Հայաստանին ու Ադրբեջանին ազդակ տալ՝ բանակցությունները վերսկսելու: Գերմանիան կարող է բարձրացնել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու խնդիրը, կարող է օգտակար լինել շփման գծի մոնիտորինգի սարքավորումների տեղակայման հարցում: Գերմանիայի դերը կարող է դրական լինել՝ հարցերը մի քիչ առաջ շարժելու համար: Գերմանիան շատ ազդեցիկ երկիր է և չես կարող ասել՝ ոչ, ու՝ վերջ:
-Միգրանտները Գերմանիայում քաղաքական իրավիճակ չե՞ն փոխում:
-Փոխում են, բայց կարծում եմ՝ լուծումներ կգտնեն, Եվրոպան կարող է այդ հարցերը լուծել ժամանակի մեջ, ինչքան էլ լուրջ մարտահրավեր է:
-Միգրանտներն ու ահաբեկիչները, կարծես, խառնվել են, այդպե՞ս է:
-Վտանգը մեծ է, մի վիճակ է, երբ մի ամսում տասը հազար միգրանտ է մտնում ԵՄ, այլ վիճակ է, երբ՝ կես միլիոն: ԵՄ կառավարման համակարգը ճկուն է, ժողովրդավարությունը հնարավորություններ տալիս է հնարավորինս արագ ու արդյունավետ ինտեգրման ու համարժեք արձագանքման:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ